ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Դարձ ի շրջանս յուր (մասնավոր կարծիք)

Դարձ ի շրջանս յուր (մասնավոր կարծիք)
05.12.2014 | 11:17

Երկու հարյուր տարի է՝ չենք կարողանում դուրս գալ այս կախարդված շրջանից:
Հազար տարի առաջ Բյուզանդիայի հայազգի կայսր Վասիլ Երկրորդի և ռուսաց Վլադիմիր Սվյատոսլավովիչ թագավորի միջև ռազմական դաշինք է կնքվում, Վասիլն իր քրոջը՝ Աննային, կնության է տալիս Վլադիմիրին և երկու պետությունների միջև կնքվում է ռազմական, խնամիական ու հոգևոր դաշինք. երիտասարդ, հյուսիսի համար բավականաչափ տաքարյուն Ռուսաստանն իր պատմությունը շատ հավակնոտ է սկսում: ՄԻ քանի դար հետո Բյուզանդիան որպես կայսրություն, դադարում է գոյություն ունենալուց և իր տարածքն ու քաղաքական դիրքը զիջում է պատմական ասպարեզ եկած նորահայտ բարբարոս թուրք-սելջուկներին:
Այդ 4-5 դարերի ընթացքում հույները վերջնականապես դուրս մղվեցին պատմական ասպարեզից և անվրեպ գործեց փիլիսոփայության՝ «բացասման բացասում» օրենքը: Հայաստանը նույնպես կորցրել էր զույգ պետական միավորումները՝ Բագրատունյաց և Արծրունյաց թագավորություննրը, իսկ բուն Հայաստանում տիրում էր անիշխանությունը:
Պատմական ոչ բարենպաստ պայմաններում ձևավորվում ու հզորանում է Ռուսաստանը, որն ազատագրվում է երեքհարյուրամյա թաթար- մոնղոլական դաժան լծից: Պետականությունը կորցրած, իշխանական տները ոչնչացված հայ ժողովուրդը հանկարծ տեսնում է, որ պատմական ասպարեզ է գալիս մի նոր ուժ՝ Ռուսաստանը, որին քրիստոնյա էին դարձրել Բյուզանդիայի հայազգի Վասիլ Երկրորդ կայսրն ու նրա քույր Աննան: Քրիստոնյա Բյուզանդիայի դավադրություններից և քաղաքական բանսարկություններից բազմիցս տուժած և պետականությունը անդարձ կորցրած հայերը, տեսնելով ռուսների առավելապես միամիտ ու անխարդախ խառնվածքը, բայց հզոր ռազմական ոգին, թուրքական լծից ազատվելն ու մեր պետականության վերականգնման հույսը կապում են Ռուսաստսնի հետ:
Երկու հարյուր տարի է՝ մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվում:
Զարմանալի է, որ 301 թ, երբ մենք և բյուզանդացիները քրիստոնեություն ընդունեցինք, նույնպես մեզ դաշնակից կարծեցինք քրիստոնյա Բյուզանդիային: Այդ խաբուսիկ և երևութական դաշինքը եղավ ճակատագրական հայերիս ու Հայաստանի համար, քանի որ մեր հզոր հարևան Պարսկաստանը՝ ի դեմս Հայաստանի այդ ժամանակ կորցրեց ուժեղ ու հավատարիմ իր դաշնակցին: Պարսկաստանի անմիջական հակազդեցությունը եղավ այն, որ 451 թ.հայերից պահանջեց հրաժարվել նոր հավատից և վերադառնալ իրենց նախնյաց դիցարանին: Ճիշտ է, մեր եկեղեցական պատմիչները գրում են, թե իբր Հազկերտը հայ իշխաններից պահանջել է ընդունել պարսից զրադաշտական կրոնը , բայց դա պատմական և տրամաբանական քննություն չի բռնում : Ինչո՞ւ: Որովհետև 451 թ. Հայաստանն ընդամենը 150 տարի էր, ինչ ընդունել էր քրիստոնեությունը որպես պետական կրոն: Ասել է՝ ընդունված թագավորի, իշխանական տների կողմից և մայրաքաղաքին մերձ գավառներում. ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեռևս անհաղորդ էր նոր հավատին, քանի որ Մեծ Հայքի ահռելի տարածության վրա այդ հարյուր հիսուն տարում, բնականաբար, պետության բացակայության պարագայում, չէին կարող կառուցվել բազմահազար եկեղեցիներ և նույնքան էլ հոգևոր ծառայողներ պատրաստվել, հետևաբար հայերին ավելի դյուրին էր վերադարձնել իրենց նախկին հավատին, քան դարձյալ, ի հակակշիռ քրիստոնեության, զրադաշտականությունը պարտադրել ու տարածել Հայաստանում, որին ոչ պակաս դիմադրություն կցուցաբերեր ժողովուրդը, ինչպես դեռ դիմադրում էր քրիստոնեությանը: Բնականաբար, կլինեն հակաճառողներ. բայց չէ՞ որ մեր պատմիչ Եղիշեն մելանով մագաղաթի վրա գրել է այդ մասին և անգամ Հազկերտի նամակի բովանդակությունն է մեջբերել: Այո՛, գրել է, որովհետև նա եղել է հոգևորական և կատարել է բարձրագույն հոգևոր դասի պատվերը:
Թվում ՝ շատ հեռացա բուն նյութից: Բայց ո՛չ, ես ուզում եմ զուգահեռներ անցկացնել 301, 451 թվականների հայ- բյուզանդական դաշնակցային հարաբերությունների և 19-րդ դարի հայ -ազատագրական պայքարի առաջնորդների քաղաքական հույսերի միջև՝ կապված Ռուսական կայսրության հետ: 19-րդ դարը թերևս Ռուսաստանի քաղաքական ամենամեծ վերելքի ժամանակաշրջանն էր. տարածքային բազում նվաճումներ արևելքում, հյուսիսում և հարավում և ձգտումը դեպի արևմուտք: Ահա այդ ձգտումը կասեցնելու համար Եվրոպան անընդհատ պատերազմներ էր հրահրում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որպեսզի երկուսն էլ թուլանան: Ռուսաստանի փայլուն հաղթանակները զգուշավորության էին դրդում եվրոպացիներին, որոնք նրան անվանում էին «Եվրոպայի ժանդարմ»: Մինչդեռ հայերս մեծ հույսեր էինք փայփայում Ռուսաստանի հզորացման և Թուրքիայի հանդեպ նրա անընդմեջ հաղթանակների հետ: Մենք ռուսներին որպես դաշնակից էինք փնտրում կամ ընտրում՝ ի դեմս Եվրոպայի ժանդարմի: Չգիտես ինչու՝ մենք ռուսների հանդեպ խոր հավատ ունեինք նախ և առաջ որպես քրիստոնյաների, բայց մոռանում էինք հինգերորդ դարում քրիստոնյա Բյուզանդիայի դավադրությունները:Ցավոք, հիմա էլ կարծես չենք հասկանում. ինչպես որ դավանանքն ու կրոնը ազգություն չեն որոշում, այնպես էլ պետությունները դաշնակից չեն կարող ընտրել կրոնական պատկանելությամբ:
Այսօր Ռուսաստանը կանգնած է Արևմուտքի պատժամիջոցների դատավճռի առաջ՝ որպես Եվրոպայի ժանդարմ:
Հիմա վերադառնամ այս հրապարակման վերնագրին՝ դարձ ի շրջանս յուր ու կրկին հարցադրեմ՝ միչև ե՞րբ...


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ